«Մայիսի 9-ին Գյանջայից թռա Մոսկվա». Սենոր Հասրաթյանի՝ 1992-ի դեպքերի բացառիկ մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

սենոր

Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Շուշիի ազատագրման վերաբերյալ և համանուն խորագրով ներկայացրել 1992 թվականի մայիսյան պատերազմաշրջանում տեղ գտած դեպքերը մեկ այլ տեսանկյունից՝ փորձելով ռազմագործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաև Շուշիի ռազմագործողությանը նախորդած և հաջորդած զարգացումների վերաբերյալ տարիներ անց ադրբեջանական նախկին և ներկա բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների կողմից տրված իրարամերժ վկայություններն ու գնահատականները:

Օրինակ մայիսի 9-ի մասին Սենոր հասրաթյանը սա է պատմում.

«Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Գյանջայից թռա Մոսկվա: Ինձ ընդունեց գեներալ Գրաչյովը... Աստված վկա, Գրաչյովի առաջ ծնկի գալով, սկսեցի աղաչել. «Պաշա, մենք ռուսների հետ չենք ուզում կռվել: Մենք տեխնիկա չունենք: Խնդրում եմ, ինձ սպառազինություն վաճառիր»: Երկար զրույցից հետո նա զանգեց 4-րդ բանակի հրամանատար Նիկոլայ Գլեբի Պոպովին և հրամայեց մեզ հատկացնել 10 հետևակի մարտական մեքենա և 10 տանկ: Բացի դրանից՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև մեր զինված ուժերի կազմավորմանն օժանդակելու նպատակով հատկացնել զինվորական հրահանգիչներ»:

Ռուսաստանի կողմից հատկացված զրահատեխնիկան մայիսի 10-ին տեղափոխվեց Զանգելան կայարան: Մեկ օր հետո Եվլախ քաղաքի մերձակա ուսումնական կենտրոնում թվով 37 ռուս զինվորական հրահանգիչներ սկսեցին մարզել Գյանջայի, Աղդամի և Գերանբոյի շրջաններից հավաքագրված շուրջ 2700 զինապարտների:
Հատկանշական է, որ Շուշիի ուղղությամբ հակահարձակողական օպերացիայի նախապատրաստմանը զուգահեռ, համաձայն Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված թիվ 246 հույժ գաղտնի որոշման, Լաչինի շրջանից սկսեցին տարհանել տեղի բնակչությանը: Գործընթացը կազմակերպելու համար հատկացվեց 500 միավոր ավտոտեխնիկա:

-«Երբ մենք մայիսի 9-ից 10-ը կամավորականներ էինք տանում Լաչին, տեսանք բեռնատարների հսկայական շարասյուն,-վկայում է Ադրբեջանի Ազգային անկախության կուսակցության առաջնորդ Էտիբար Մամեդովը:-Դրանք վերադառնում էին մարդկանցով ու եղած-չեղածով բեռնավորված...» (առավել մանրամասն՝ այստեղ):

Սենոր Հասրաթյանը նաև կարծում է, որ Շուշիի ազատագրման և Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողությունը ադրբեջանա-արցախյան զինված հակամարտության նշանակալի իրադարձություններից է:

«Այդ ռազմագործողության ընթացքում առաջին անգամ կիրառելով դասական ռազմարվեստի տառին ու ոգուն համահունչ մարտավարություն, Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը դրսևորեց մարտի պլանավորման, դրանում ներգրավված ուժերի և միջոցների արդյունավետ կառավարման հիանալի կարողություն: Մարտական գործողությունների ժամանակ արհեստավարժ զինվորականին հարիր պատրաստվածությամբ առանձնացան նաև հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված երեկվա հողվորն ու բանվորը, արհեստավորն ու մտավորականը: Նրանք իրենց նվիրական արարումներով ապացուցեցին, որ պատրաստ են տալու ամենաթանկը, անգամ՝ կյանքը բայց՝ ոչ հայրենիքի արժանապատվությունը:
Մայիսյան հաղթարշավի նշանակությունը կարելի է արժևորել մի քանի տեսանկյունից:

Սակայն ամենից առաջ դա ռազմական խոշոր նվաճում էր: Վնասազերծելով Ստեփանակերտն ու հարակից հայկական բնակավայրերը շրջապատող թշնամական ռազմահենակետերը և ազատագրելով դարերի պատմություն ունեցող հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ հայն իր մեջ սպանեց թույլի հոգեբանությունը, ձեռք բերեց հաղթանակելու աննահանջ կամք և հավատ ապագայի հանդեպ: Ավելին,այն համախմբող ազդակ հանդիսացավ աշխարհասփյուռ հայության համար:

Հայոց Արցախը վերստին դարձավ ոչ միայն համահայկական արժեքների կրողն ու պահպանողը, այլև մեր ազգային ոգու միջնաբերդը»: