«Այդ զզվելի հարցն ինձ մի՛ տվեք, այլ Չինաստանին». Թրամփն ընդհատել է ասուլիսը և հեռացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

թրամփ

Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ՝ ԱՄՆ նախագահօ և լրագրողներից մեկի միջև ծագած վեճից հետո, Դոնալդ Թրամփին ռասիզմի համար են մեղադրել: ԱՄՆ ղեկավարն ասիական ծագում ունեցող լրագրողին խորհուրդ է տվել ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի մասին հարցերն ուղղել ոչ թե իրեն, այլ Չինաստանին, գրում է The Guardian-ը։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ է Միացյալ Նահանգներում մահերի թիվը կտրուկ ավելանում, Թրամփը խորհուրդ է տվել Չինաստանին հարցնել, իսկ հարցը «զզվելի» է որակել:

«Ինձ մի՛ հարցրեք։ Այս հարցը տվե՛ք Չինաստանին: Երբ այս հարցը Չինաստանին տաք, միգուցե մի շատ արտասովոր պատասխան ստանաք»,- ասել է Թրամփը։

Լրագրողն ի պատասխան ընդդիմացել է՝ ասելով․ «Պարո՛ն, ինչո՞ւ եք հենց ինձ դա ասում»։ Թրամփն ասել է, որ այդ «զզվելի» հարցին նույն կերպ կպատասխաներ՝ անկախ այն հանգամանքից՝ ո՞վ է հարցի հեղինակը, ապա հրաժարվել է պատասխանել մյուս հարցերին, ընդհատել ասուլիսն ու հեռացել։

Ըստ CNN-ի գլխավոր թղթակից Բրայան Սթելտերի՝ Թրամփի գործողությունները «ռասիստական ենթատեքստ» են ունեցել։ 

Մայիսի 11-ին իր ելույթի ժամանակ Թրամփը պարծեցել է, թե ԱՄՆ-ում, ի տարբերություն այլ երկրների, կորոնավիրուսն ախտորոշող թեստերն ամենաշատն են անցկացվել: Թրամփը նաև հայտարարել է «անտեսանելի թշնամու» նկատմամբ հաղթանակի մասին՝ չնայած, որ երկրում զոհերի թիվը գերազանցել է 80 000-ը: