Դրսում դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ հնարավոր է նաև՝ արտակարգ ռեժիմը երկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News 

հասարակական

Կորոնավիրուսի դեմ պայքարում հնարավոր է՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա, կսահմանվեն նաև նոր կանոններ։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նրա խոսքով՝ պարտադիր դիմակ կրելու հարցը ներկայումս քննարկման փուլում է։ Խոսնակը հավելեց նաև, որ դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաև հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Նշենք նաև, որ որոշ ժամանակ առաջ վարչապետը հայտարարել էր, որ դիմակների մեծ ծավալի արտադրություն է սկսվելու, օրական ծավալը կլինի միջինը մոտ 200 հազար հատ: Այս հարցին անդրադառնալով՝ Մանե Գևորգյանը նշեց, որ արդեն որոշ կազմակերպություններ սկսել են դիմակների արտադրությունը՝ հումքն այլ երկրներից ներկրելով։ 

Վաչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում նաև արտակարգ դրությունը երկարաձելու վերաբերյալ, նրա խոսքով՝ մինչև արտակարգ դրության ավարտը՝ մայիսի 14-ը, հստակ կտեղեկացնեն՝ կերկարաձգվի՞, թե՞ ոչ։ 

Տեղեկացնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ դեռ մարտի 16-ին էր հայտարարվել արտակարգ դրություն։ Արտակարգ ռեժիմի ավարտից հետո արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր մինչև մայիսի 14-ը։ Կառավարության որոշմամբ՝ մայիսի 4-ից բազմաթիվ սահմանափակումներ հանվեցին, թույլատրվեցին տնտեսական տարբեր ոլորտների գործունեությունը, իսկ հանրային տրանսպորտի, կրթական հաստատությունների, ինչպես նաև՝ առևտրի խոշոր կենտրոնների գործունեությունը շարունակում է սահմանափակված մնալ։

Սոնա Գրիգորյան