«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը» տնօրենի նոր ԺՊ ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ասհն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Կենսագրություն.

Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2003 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաև ՀՀ Արդարադատության Ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական և հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից և հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ:

DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):

Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում և արտերկրում: Դրանց թվում են նաև երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) և «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը:

Խմբագրել է նաև ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ և պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի և Գ. Չ. Սպիվակի էսսեներ:

Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին և գերմաներենին: