Փեսան արձակել է շան կապը, բաց թողել զոքանչի վրա. շունը հոշոտել է 78-ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Մայիսի 2-ին ոստիկանության Թումանյանի բաժին զանգած Ծաթեր գյուղի բնակիչը հայտնել էր, որ շունը հարձակվել է կնոջ մոր վրա, և ստացված վնասվածքներից զոքանչը մահացել է։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզեցին, որ նույն օրը փեսան և զոքանչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են։ Վիճաբանության ընթացքում փեսան ծեծել էր զոքանչին, ապա բակի շան կապն արձակել էր, տարել տուն և բաց թողել։ Շունը 78-ամյա Գյուլասար Մախսուդյանին հոշոտել էր։

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ծաթեր գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալված է։

Կատարվում է նախաքննություն։