Կոտայքի մարզպետը 30 օբյեկտների հանձնարարել է մայրուղու եզրից ազատել 15-18 մետր տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

հանձ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պոտրսոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են 30 օբյեկտներ և տրվել մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18 մ խորությամբ տարածքները ազատելու մասին:

«Իմ նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:

Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18 մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ»,-գրել է մարզպետը: