Վերին Լարսում գտնվող ՀՀ 35 քաղաքացիներին ՀՀ վերադարձի տարբերակ են առաջարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News 

Լարս

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ Ռոստովում Հայաստանի գլխավոր Հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հայտնում ենք, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում են մոտ 35 ՀՀ քաղաքացիներ, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:

Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, ինչպես նաև Կրասնոդար-Երևան նախատեսվող թռիչքներով՝ միաժամանակ հոգալով կանանց և երեխաների ճանապարհածախսը։ Առաջարկվել է նաև ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները ապահովել կայանատեղերով։ Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով:

Ընդգծենք, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո»: