«Հայկական դրամը չի արժեզրկվի»․ԿԲ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

    Դոլարը թանկանում է, տեղական փողն արժեզրկվում։ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցնել մի շարք երկրների համար առանց հարկի ապրանքի արտահանումը, խոշոր վնաս է պատճառում հատկապես չինական և եվրոպական շուկաներին։ Թուրքիան բոլորից շատ է տուժել։ Վերջին մեկ ամսում լիրայի արժեքը դոլարի նկատմամբ գրեթե կրկնակի նվազել է։ Օր-օրի անկում են ապրում նաև վրացական, ռուսական և իրանական ազգային արժույթները։ «Հայաստանը մեծ վտանգի առջև կանգնած չէ, այս առումով մենք կղզիացած ենք»,- վստահեցնում է փորձագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը․

     «Մենք էլ պետք է խիստ չանհանգստանանք, երբ այդ շուկայում տատանումներ են լինում։ Հիշում եմ, մայիս ամսին իմ դռները ջարդում էին՝ գիտե՞ք, 3 դրամով փոխարժեքը իջել է... Ասում եմ՝ ինձ բացատրեք՝ ինչ բան է 3 դրամը, որտե՞ղ եք տեսել, բացի փոխանակման կետերերից։ Դա էական ազդեցություն չի կարող ունենալ, էական է երկու, հինգ, տասը տոկոսը։ Այս տարվա ընթացքում 5 տոկոսի նույն Վրաստանում չի հասել»։

     Արդյունքում 1 դոլարն անցած ամսվա համեմատ 4,55-ից դարձել է 6,88 լիրա։ Արևմտյան պատժամիջոցների հետևանքով ռուսական ռուբլին  մեկ ամսում 55-ից դարձել է 68։ Վրացական լարին կանոնավոր աճով հասել է 2,66-ի։ Միայն երեկ առավոտյան դոլարի արժեքը Վրաստանում աճել է 11 թեթրիով։ Իրանական ռիալը, որն օգոստոսին գրանցել էր ռեկորդային ամենացածր արժեքը, այժմ կազմում է 42 հազար։ Ասատրյանն ասում է, այդ իսկ պատճառով Իրանից զբոսաշրջիկներ այս տարի քիչ են եկել․ «Քանի որ իրենց ազգային արժույթն արժեզրկվում է։ Այո, տուրիստների հոսքը դրա հետևանքով կրճատվում է»։

     Հայկական դրամը դեռևս կայուն է՝ մոտ 480-ից դարձել է մոտ 482։

     Չնայած տեղական արժույթի ամենօրյա անկմանը, Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները հայտարարում են, որ «փրկության ծրագիր» ունեն։ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է լարիի անկմանը․

     «Վրաստանի կառավարությունը ծրագիր ունի լարիի կայունությունը վերականգնելու համար։ Միջազգային շատ գործոններ կան, որոնք բացասական միտումներ են ստեղծում, բայց հուսով ենք, որ դրանք մեր օգտին կաշխատեն»։

    Վրաստանի ամենախոշոր առևտուրը Թուրքիայի հետ է։ Միայն 2017թ. մարտից -հունվար ամիսներին կատարվել է 331 միլիոն դոլարի գործարք։

      Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրան փորձում է կայունացնել կոչերով․

      «Եթե դոլար, ոսկի կամ եվրո ունեք, անմիջապես փոխանակեք բանկերում լիրայի հետ, այս «անկախության պատերազմում» մենք կռվում ենք մեր ապագայի համար։ Որովհետև սա այն լեզուն է, որը նրանք ( ամերիկացիները) հասկանում են»։

     Կոչերից զատ, Թուրքիան խոստացել էր աջակցել ազգային արժույթի փրկությանը և միջազգային առևտուրն իրականացնել լիրայով, բայց թուրքական ազգային արժույթը դեռևս միայն կայուն քայլերով անկում է ապրում։

                                                 Անի Մեջլումյան

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս