Մեր փոքրիկների առողջությունն ու անվտանգությունն առաջնային է․ պահպանե՛ք պարետի ցուցումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

մնգո

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետ րոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Պարետի ցուցումով, այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները:

Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով:

Նշեմ, որ մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այսպիսով, ևս մեկ անգամ հորդորում և խնդրում եմ առավելագույն զգուշավորությամբ կազմակերպել նախադպրոցական կրթության գործընթացը` հետևելով Պարետատան ցուցումներին 

Բացառել երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն 

Բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները
Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն

Ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ
հանգամանքներով պայմանավորված:

Հարգելինե’րս,

Մեր փոքրիկների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջնային է, ուստի պարտադիր է Պարետատան ոչ միայն նշված, այլև սահմանված մի շարք կանոններին ևս խստագույնս հետևելը` միտված մեր երեխաների առողջության պահպանմանը:

Առո’ղջ եղեք»: