Ինքնասպանությո՞ւն է, թե՞ անզգուշություն. հոսպիտալացվածի ընկերը ինքնաձիգ է բերել բաժին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ինքնաձիգ

Մայիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմանում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Շ.-ն է։ Նա իր բնակության վայրի վարչական տարածքում գտնվող «Թուրուսի խութ» կոչվող վայրում «ԱԿՍ» տիպի ինքնաձիգով կրակել է իր ծնոտի շրջանին, ինչի հետևանքով էլ վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ կարճ ժամանակ անց Գորիսի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սամվել Շ.-ի ընկեր, համագյուղացի, 53-ամյա Ռոմիկ Գ.-ն և ոստիկաններին է ներկայացրել նշված ինքնաձիգը՝ դատարկ պահունակով, և հայտարարել, որ դրանք գտել է նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմանում, Սամվել Շ.-ի կրծքավանդակի վրա դրված։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։