Շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է. Մխիթարյանը՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News 

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին՝ երազանքների մակարդակի թիմ ունենալու համար։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

-Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ ես կարծում, էլ ի՞նչ է պետք օրինակ Հայաստանին՝ երազանքների՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենալու համար: Ի՞նչն ենք մենք սխալ անում:

-Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե, փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել:

-Բացի փողից նշեցիր փիլիսոփայությունը: Հետաքրքիր է՝ ո՞րն է քո փիլիսոփայությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:

-Նախքան իմ փիլիսոփայությունն ունենալը, ես միշտ ունեցել եմ իմ երազանքը: Միշտ իմացել եմ, թե ուր եմ ցանկանում գնալ և ինչ եմ ցանկանում անել: Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով:

Հեշտ չէ, բայց երբեմն պետք է զոհողությունների գնաս՝ այս ամենին հասնելու համար: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը:

Տեսանյութեր

Live

Լրահոս