Պարետն ընդունել է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնց ընդունման իրավասությունը չուներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ իրավական անգրագիտությունը սահման չունի

Այս իշխանությունների իրավական անգրագիտության մասին շատ է խոսվել: Կարելի էր մտածել, որ արտակարգ դրության ռեժիմի հետ կապված դրանք հարաբերականորեն քիչ կլինեն, բայց արի ու տես, որ մեր կառավարության հնարավորություններն այդ հարցում անսահման են:

Արտակարգ դրության ռեժիմի մասին ՀՀ օրենքի համաձայն «արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է»։ Նման ռեժիմ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կարող է սահմանվել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում:

Մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն մտցվելը «Արտակարգ դրության ռեժիմի մասին» ՀՀ օրենքն արտակարգ դրության օպերատիվ կառավարման հարցերը վերապահում էր պարետատունը, որն անհրաժեշտության դեպքում ստեղծվում էր կառավարության որոշմամբ: Ըստ այդ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)»։ Պարետատունը կոլեգիալ մարմին էր, որն «իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը» (8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասություն)։ Ըստ օրենքի կոնցեպցիայի պարետատունը կոլեգիալ մարմին էր, իսկ պարետին վերապահված էր ընդամենը պարետատունը ղեկավարելու իրավասություն:

Սակայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո և՛ իրավաբանորեն, և՛ փաստացի պարետատան լիազորությունները ստանձնեց պարետը, ինչը ուղղակիորեն հակասում էր օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին և 2-րդ մասի 1-ին նախադասությանը:

Այդ ընթացքում պարետն ընդունել է բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնց ընդունման իրավասությունը նա չուներ:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ ակտ ընդունելու իրավասություն ունեն միայն Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինները, իսկ դրանք ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ մարմիններն օրենքով ստանան համապատասխան լիազորություն: Ընդ որում, այդ լիազորությունը պետք է լինի բավարար չափով հստակ, այսինքն` համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:

Ազգային ժողովը 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքով այդ հակասահմանադրական պրակտիկան փորձել է շտկել, սակայն դա նրան չի հաջողվել: Ըստ ամբողջությամբ վերախմբագրված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետն արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության տարածքի պարետ»: Պարետատունը դարձել է վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին, իսկ պարետը ստացել է «համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» ընդունելու իրավասություն: Նման կարգավորումը նորից հակասության մեջ է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի այն պահանջի հետ, ըստ որի «լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքներին»:

Ըստ էության, նաև 29.04.20 ՀՕ-238-Ն օրենքի ընդունումից հետո ևս փոխվարչապետը կարող է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունել միայն այն դեպքում, երբ որևէ կոնկրետ օրենք փոխվարչապետին տվել է համապատասխան լիազորություն և միաժամանակ սահմանել այն հարցերի շրջանակը, որը նա պետք է կարգավորի:
Ուստի կենացները քաղցրանում են: Պարետը, նույն ինքը փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, այս ողջ ընթացքում վերազանցել է իր լիազորություններն, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝ քաղաքացիները կրել են ծանր նյութական կորուստներ, դրանք չափվելու են միլիարդներով, ցավոք սրտի դրանք արժեցել են նաև մարդկային կյանքեր:

Քրեական գործե՞ր եք ուզում՝ սպասեք: Այս ամբողջը կանցնի ու հերթով պատասխան եք տալու: Ապացույցների կարիք անգամ չկա, դուք այդ ամբողջն արել եք ի լուր աշխարհի»: