ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ մշակվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ագնախարարներ

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը:

Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվել է դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորել են նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Արտգործնախարարներն անդրադարձել են նաև բազմակողմ շրջանակներում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի։

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր փոխանակել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը: