Սոցցանցի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը չօգտագործել հրապարակումներում. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

միպ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված գրառումներին։

«Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։

Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։

Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,-գրել է Թաթոյանը: