ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Վրաստանում մայիսի 22-ից վերացվում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը: Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է Newsgeorgia-ն:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշակի սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Վարչապետը նաև կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանափակումները և մասնագետների հանձնարարականներին հետևել նաև արտակարգ դրության չեղարկումից հետո:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը կզրոյանա, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու և երկրի տնտեսական վերածնունդը վտանգի ենթարկենք: Այդ իսկ պատճառով, մեզ պետք են այդ սահմանափակումները, սակայն արտակարգ դրություն և պարետային ժամ անհրաժեշտ չեն, ուստի մենք դիմել ենք խորհրդարանին, որպեսզի այդ սահմանափակումները լինեն ողջամիտ, արդյունավետ և կոնկրետ նպատակների ուղղված»,- ասել է վարչապետը:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունն առաջարկում է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան կիրառել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակող միջոցառումներ առանց երկրում արտակարգ դրություն մտցնելու և առանց խորհրդարանի թույլտվության: