Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

իրանումհհդեսպան

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Համիդ Զադբումի հետ:

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստան-Իրան երկկողմ առևտրի ներկա վիճակը և գոհունակություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում երկու երկրների միջև հաստատված համագործակցության կապակցությամբ:

Դեսպան Թումանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ կապված երկկողմ առևտրի ակտիվացման անհրաժեշտության հետ, այդ թվում նաև՝ ապրանքափոխանակության տարբեր սխեմաների կիրառման միջոցով:

Համիդ Զադբումն իր ղեկավարած կազմակերպության անունից պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդումը՝ նշելով, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նախահամաճարակային տնտեսական ցուցանիշների վերականգնման համար:

Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել ՀՀ և ԻԻՀ պետական համապատասխան մարմինների միջև հաստատել արդյունավետ հաղորդակցություն, այդ թվում նաև՝ պարբերաբար կազմակերպվող տեսակոնֆերանսների միջոցով: