ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը չի վերացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

քաղաքական

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 20-ին որոշել է մերժել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների բողոքը՝ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ նախաքննական մարմնի, ինչպես նաև դրա դեմ ներկայացված բողոքը հսկող դատախազի կողմից մերժելու որոշումների դեմ։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«Դատարանը հիմնավոր է համարել քրեական հետապնդման մարմինների վերոնշյալ որոշումների իրավաչափությունը»,- նշեց Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին պարզ դարձավ, որ քրեական գործի շրջանակում Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել: Պաշտպանական կողմն ավելի ուշ  որոշումը բողոքարկեց քննիչին, հետագայում նաև՝ դատախազին: Վերջիններիս կողմից մերժում ստանալով՝ որոշումը բողոքարկվել էր դատական կարգով:

Սոնա Գրիգորյան