Դանակահարություն Վերին Արտաշատում. դանակահարված երիտասարդն ի վիճակի չէր խոսել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

դանակահարություն

Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել:

Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու: Նրան ուղեկցողները բժիշկներին հայտնել էին, թե վնասվածքը ստացել է տանիքից ընկնելու հետեւանքով: Սակայն վնասվածքների բնույթն այլ բան էր հուշում, եւ այդ հայտարարությունը ոստիկաններին հավատ չներշնչեց:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ եւ օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն գյուղի 22-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, կասկածվողը ոչ միայն ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին, այլեւ ներկայացրեց հանցագործության գործիք դանակը:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: