ՊԵԿ-ը Գեղարքունիքի մարզում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

պեկ

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման հերթական դեպքը, այս անգամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես, վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում, ֆիզիկական անձի կողմից իրականացվում են առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի  առքուվաճառքի  գործարքներ։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՊԵԿ աշխատակիցների վերահսկողության ներքո, արտարժույթի առքուվաճառաք իրականացնելուց անմիջապես հետո, բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ևս մեկ անգամ  հորդորում  է քաղաքացիներին զերծ մնալ առանց համապատասխան  թույլտվության  արտարժույթի առուվաճառքի գործարքներ կատարելուց։