Թուրքիան Եվրամիության համար փախստականների ճամբար չէ․ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի՝ փախստականների հարցում Թուրքիայի վերաբերյալ արած քննադատական հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Աքսոյի բնորոշմամբ Սկինասի հայտարարությունները ավելի նման են Հունաստանի կառավարության անդամի, քան Եվրամիության պաշտոնյայի հայտարարության՝ ակնարկելով, որ ազգությամբ հույն Սկինանասը հակաթուրքական դիրքորոշում ունի։ 

Թուրք պաշտոնյան Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին խորհուրդ է տվել ուսումնասիրել Էգեյան ծովում ու թուրք հունական սահմանով անցնող Մերիչ գետում Թուրքիայից Հունաստան անցնել փորձող փախստականներին հետ ուղարկելու դեպքերը, փախստականների իրավունքների խախտումների ու այլ հարցերի վրա կենտրոնանալ։

«Թուրքիան Եվրամիության սահմանների պահապանը կամ փախստականների ճամբարը չէ և չի լինելու։ Փախստականների անկանոն հոսքից տուժած մեր երկիրը պահանջում է արդարությամբ կիսել բեռն ու պատասխանատվությունը»,- ասել է Աքսոյը։

Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտության ընթացքում մեծ թվով փախստականներ այդ երկրից անցել են հարևան Թուրքիայի սահմաններն ու շարունակում են գտնվել այնտեղ։ Թուրքիայի տարածքում, ըստ վերջին պաշտոնական տվյալների, գտնվում է շուրջ 3.5 մլն սիրիացի փախստական։