«Արձագանք» քանդակի վերականգնումից հետո տարածքը կդառնա տուրիստական կանգառ-դիտակետ. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Միջանկյալ լավ լուր Կոտայքից. այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց ԿԳՄՍ նախարարության առաջարկը՝ շուրջ 78 մլն ՀՀԴ հատկացնելու Բյուրեղավանի վարչական տարածքում՝ Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ գտնվող տարածքում «Արձագանք» քանդակի և պատվանդանի վերականգնման ու հիմնանորոգման համար։

Հավելեմ նաև, որ արձանի հարակից շուրջ 5.000 քմ տարածքի սեփականության հարցն այս պահին վիճարկվում է ՀՀ Վարչական դատարանում՝ շուրջ մեկուկես տասնամյակ առաջ մասնավորեցման գործընթացում առերևույթ իրավախախտումների հիմքով, և կարծես թե արդեն ունենք նաև որոշակի փոխըմբռնում տիրապետողների հետ՝ համայնքի հետ հաշտության գալու և զիջելու տարածքը համայնքին։

Արձանի և պատվանդանի վերականգնումից հետո՝ տարածքի տնօրինումը ստանձնելուն պես, համայնքի հետ համատեղ ծրագրով նախատեսում ենք լիովին բարեկարգել ամբողջ շրջակայքը և այն դարձնել տուրիստական միջանկյալ կանգառ-դիտակետ մարզով ճանապարհորդողների և մարզ այցելող մեր հյուրերի համար. դիտակետից միաժամանակ կարելի է դիտարկել շուրջ 9 բնակավայր, Արագած և Արա լեռները։

Միաժամանակ հիմնավորապես կլուծենք նաև հանրային սան.հանգույցների, աղբահանության և հետևողական մաքրության հարցերը»,-գրել է մարզպետը և հավելել #Արի_Կոտայք հեշթեգը: