Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ վարկերի վճարումը կհետաձգվի ևս 3 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

գախարիա

«Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առանց աշխատանքի մնացած Վրաստանի քաղաքացիների համար վարկերի վճարումը կհետաձգվի ևս 3 ամսով»: Այդ մասին մայիսի 21-ին՝ կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Новости Грузия»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել, որը ենթադրում է հետևյալը. այն քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, և որոնց պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, հաջորդ երեք ամիսներին չեն վճարի վարկերը: Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտները ճգնաժամի ընթացքում նվազել են, կարող են դիմել բանկ՝ վարկի վճարումները հետաձգելու համար», - պարզաբանել է Գախարիան:

Վրաստանի կառավարության գնահատումների համաձայն՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիրը զրկվել է 350 հազար աշխատատեղից: Աջակցության համար կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է ներկայացրել։

Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են հատկացրել աշխատանք կորցրած 350 հազար քաղաքացիների օգնության համար: Վեց ամսվա ընթացքում պետությունից նրանք կստանան 200 լարի (մոտավորապես 63 դոլար) օգնություն:

Եկամուտից զրկված ինքնազբաղված անձինք պետությունից կստանան միանվագ օգնություն՝ 300 լարիի չափով: Նրանց օգնության համար հատկացվել է 75 մլն լարի (ավելի քան 23,4 մլն դոլար):

Կառավարությունը նաև 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) է տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար: Այդ խմբերի քաղաքացիների մեծ մասը վեց ամսվա ընթացքում պետությունից կստանա 100 լարի (ավելի քան 30 դոլար):

 

Տեսանյութեր

Live

Լրահոս