COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ն ՀՀ-ին 1 մլն դոլարի աջակցություն կտրամադրի. Լին Թրեյսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Դեսպանը պարզաբանել է՝ միջոցները կօգտագործվեն, որպեսզի ամրապնդվեն լաբորատորայի հնարավորությունները, օգնեն ՀՀ կառավարությանը կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։

«Եթե այս հավելյալ միջոցներին ավելացնենք կորոնավիրուսի համար արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը, ապա Հայաստանին տրամադրված աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար», - նշել է նա։

Թրեյսիի խոսքով՝ այս աջակցությունից բացի, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է վերաուղղել համայնքային փոքր բիզնեսին դրամաշնորհների տրամադրմանը: Դրանք կուղղվեն կորոնավիրուսի հետևանքով առավել ծանր վնասներ կրած ընկերություններին: