Ազգային Ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, քայլեր կձեռնարկենք․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

«Ես հույս ունեմ, որ ԱԺ հաջորդ նիստը կկայանա Շուշիում»: Այս մասին մայիսի 21–ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած երդման արարողությունից հետո ասել է Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կա նման ցանկություն ԱԺ-ն տեղափոխել Շուշի, և մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Շուշիում հրավիրված Արցախի նորընտիր ԱԺ հատուկ նիստում Հարությունյանը երդվեց՝ ստանձնելով ԱՀ նախագահի պաշտոնը: Երդման արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, զինվորական ղեկավարությունը, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահ է ընտրվել ապրիլի 14-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: