Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք․ Քենթը մտահոգված է տարածաշրջանային կայունությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Իրանն ապակայունացնող ուժ է տարածաշրջանում: Հայտարարությունների ու մտահոգությունների միջոցով նման դիրքորոշում է արտահայտել ԱՄՆ նախագահի վարչակազմը։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների եւ Հայաստանի վերաբերյալ հարցին:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ պատճառը ոչ միայն միջուկային զենք ստեղծելու Իրանի ցանկությունն է, որին առնչվում են նախկինում ընդունված պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ներքո, այլ նաեւ շարունակական աջակցությունն ահաբեկչությանը եւ իրավիճակի ապակայունացումը՝ Հեսբոլահ եւ Համաս խմբավորումների հովանավորության, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների ծրագրի միջոցով:

Ըստ Քենթի՝ ԱՄՆ-ը լուրջ է մոտենում տարածաշրջանի այս սպառնալիքին: Միեւնույն ժամանակ, ընդգծում է դիվանագետը, ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում է աշխատել իր գործընկերների ու բարեկամների հետ՝ վստահ լինելու համար, որ նրանք անդառնալի կորուստներ չեն կրում: Սակայն, դիվանագետը կոչ է անում թյուր չընկալել իր խոսքերը, քանի որ ԱՄՆ-ը նպատակադրված է գործողություններ իրականացնել՝ սահմանափակելու Իրանի կարողությունները։

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ունի դժվար աշխարհագրական դիրք, սակայն մենք նաեւ մտահոգված ենք տարածաշրջանային կայունությամբ»,- ասում է փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: