«Ինձ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98 % է». Արսեն Թորոսյանը՝ COVID-19-ին ախտանիշների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

արսեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով COVID-19-ին բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը արյան՝ թթվածնով հագեցվածությունն է կամ, ինչպես բժիշկներն են ասում, թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95 %-ից բարձր, և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է, և պացիենտի վիճակը ծանր է:

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում՝ թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Հ. Գ. բարեբախտաբար ինձ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»,-գրել է նախարարը և հավելել #ՊահպանեքԿանոնները #ԱռողջԵղեք հեշթեգները: