Ոստիկանության ստորաբաժանումներում ստուգումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ՀՀոստիկանություն

Հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ և օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության և անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային և մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում:

Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի և Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում: Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները և ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները: Հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Օպերատիվ վերակարգերը, շրջիկ և հերթապահ ծառայությունները կատարում են ոստիկանության առջև դրված այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են մարդու անվտանգության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, ուստի պարբերաբար ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հետևողական է հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին: