ՀՀ և ԱՀ արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

մայիլյանմնացականյան

Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության օրակարգի գերակա ուղղությունների շուրջ և գոհունակություն հայտնել երկու գերատեսչությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության հեռանկարների շուրջ՝ պայքարելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ, որը  սահմաններ չի ճանաչում։