Տավուշում ապօրինի փայտանյութով արտադրամասեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։

Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ և անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։

Միջոցառման շրջանակներում Իջևանի ոստիկանները Իջևանի Երևանյան փողոցում հայտնաբերել են խոշոր բեռնատար, որը բարձված էր 12 խորանարդ մետր տախտակով։ Տավուշի Կողբ գյուղում բնակվող 38-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք։ Իջևանի ոստիկանները ստուգայց են կատարել նաև Գանձաքար գյուղում բնակվող 36-ամյա մի տղամարդու փայտամշակման արտադրամաս։ Արտադրամասի հարևանությամբ հայտնաբերել են 25 խորանարդ մետր վառելափայտ, որի ձեռք բերման օրինականությունը ստուգվում է։ Միջոցառման ընթացքում Իջևանի ոստիկանները հայտնաբերել են նաև առանց համարանիշերի բեռնատար, որը բարձված էր 15 գերանով։

Տավուշի ոստիկաններն էլ ստուգայց են կատարել իրենց բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։ Փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետր տախտակ։ Փայտանյութ հայտնաբերվեց նաև փայտածուխի արտադրամասում։ Հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները շարունակական են։

Տեսանյութեր

Live

Լրահոս