Երևանում ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 17 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News 

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 17 մեքենա
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 20-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 17 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 4, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված 7 տրանսպորտային միջոց, ինչպես և առանց համարանիշի շահագործվող 7 մոտոցիկլետ ու ժամկետանց համարանիշերով մեկ մեքենա։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի` 3, ոչ սթափ վիճակում գտնվող 1 վարորդ։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։