Գերմանիայում արցախցիների շահերի պաշտպանության գործունեությունը թափանցիկ է. ԱՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ահագն

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանող կազմակերպության մասին.

«Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ և օրինական բնույթ է կրում ու կլինի շարունակական:

Համոզված ենք, որ մարդու իրավունքների համընդհանրության և արդարության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությունը խաղաղության ու անվտանգության պահպանման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման՝ ինչպես նաև աշխարհում և, մասնավորապես՝ Եվրոպայում տնտեսական բարգավաճման համար պայմաններ ստեղծելու կարևոր տարր է հանդիսանում:

Հետևողական ջանքեր կգործադրվեն Արցախի համագործակցության աշխարհագրության ընդլայնման և տարբեր պետություններում Արցախի ժողովրդի շահերի ներկայացմանն ուղղված գործունեության արդյունավետության հետագա բարձրացման համար՝ հաշվի առնելով նստավայր երկրի օրենսդրության առանձնահատկությունները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ, ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, Գերմանիայի կառավարությունը փակել է arzach.de Արցախի կայքը, Արցախի ներկայացուցչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Արցախի մշակութային ներկացուցչի գրասենյակը և այլն։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս