Վճռաբեկ դատարանի որոշմամբ մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանն արդարացվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

մասիսայվազյան

ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր արդարացրեց մարտի 1-ի գործով դատապարտյալ Մասիս Այվազյանին՝ հռչակելով նրա անմեղությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Այվազյանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, բայց այն իր համար սպասելի էր. «Արդեն սպասելի էր, որովհետև երկրում ահագին բան է փոխվել, չէր կարող չլինել, չլինելն ուղղակի անհասկանալի կլիներ»:

Այվազյանը կարևորեց, որ արդարությունը վերականգնվեց մարդու կենդանության օրոք և ոչ թե հետմահու:

Նա, հիշեցնենք, 2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար և դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: 2019 թվականի հունիսին Այվազյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատավճռի դեմ, որը, սակայն, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, մերժվել էր:

Դեկտեմբերին արդեն վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը: 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը: