Մարի Իզմիրլյանի մանկատան 9 երեխայի և 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News 

կորոնավիրուս

Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսի դեպքերով 33 երեխա չի հոսպիտալացվել, մամուլում շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ է իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական է եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան։

«2 օր առաջ՝ երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց չենք կարող հաստատ նշել, որ վարակի աղբյուրը նա է եղել, քանի որ դայակի թեստի պատասխանը դեռևս չկա», - նշեց Սոնա Մարտիրոսյանը։ 

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահի դությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:
Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։

Սոնա Մարտիրոսյանը նաև հավելեց, որ փետրվարի 27-ից կարանտինային ռեժիմում է եղել մանկատունը, իսկ վերջերս լրիվ փակ ռեժիմի են անցել, այսինքն՝ աշխատակիցները ևս մնացել են հաստատությունում։
Նա նշեց՝ ներկայումս և՛ երեխաները, և՛ աշխտակիցները իրենց լավ են զգում և սիմպտոմներ չունեն։

Սոնա Գրիգորյան