Իզմիրլյանի մանկատան վարակակիրները չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են տեղում. Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

զառա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին՝ տեղեկացնելով, որ վարակակիրներից 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները:

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է:

Վարակի առաջին կասկածներն ի հայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ մայիսի 23-ի երեկոյան. ջերմությունը բարձրացել է մինչև 37.6: Աշխատակիցը միանգամից մեկուսացվել է:

Այս պահին հաստատությունում աշխատում են մեր բժիշկ մասնագետները, ինչպես նաև հրավիրված համաճարակաբան և բժիշկ, տարածքը ևս մեկ անգամ ախտահանվել է:
Հաստատությունը կարանտինային ռեժիմով աշխատել է փետրվարի 27-ից, իսկ մայիսի 19-ից անցել փակ ռեժիմի»,-գրել է Բաթոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, որտեղ խնամք է ստանում 102 երեխա, այս պահին հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում «Բաբլոյան» կենտրոնից:

Մանկատնից 24News-ին հայտնել էին, որ հաստատությունը փետրվարի 27-ից կարանտինային ռեժիմում է եղել, իսկ վերջերս լրիվ փակ ռեժիմի են անցել, այսինքն՝ աշխատակիցները ևս մնացել են հաստատությունում։ Ներկայումս և՛ երեխաները, և՛ աշխտակիցները իրենց լավ են զգում և սիմպտոմներ չունեն։