Միշուստինը ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ամառային արձակուրդներն անցկացնել երկրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

միշուստին
ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ ռուսաստանցիներին կոչ է արել չշտապել պլանավորել հանգիստը արտասահմանում, քանի որ պետք է բացառել վարակի ներմուծման նույնիսկ չնչին ռիսկը:

«Այո, կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում որոշակի հաջողություններ են գրանցվել, բայց մենք հիշում ենք, որ այս վարակը ներկրվել է արտասահմանից, ուստի նպատակահարմար ենք համարում զերծ մնալ արտասահմանյան տուրիստական ուղևորություններից»,- պարզաբանել է Միշուստինը:

Նրա արձանագրմամբ՝ շատ պետությունների համար թե՛ զբոսաշրջությունից, թե՛ դրան հարակից ճյուղերից ստացվող եկամուտները բավական մեծ են, և արտասահմանյան մի շարք երկրներ արդեն հայտարարում են սահմանափակող միջոցառումների մեղմացման մասին: Սակայն ԱՀԿ-ն համաճարակի զարգացման ռիսկը դեռ բարձր է գնահատում և միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացման հանձնարարականներ չի տվել:

Միշուստինն, իր հերթին, ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ամառային արձակուրդներն անցկացնել Ռուսաստանում: «Ավելի անվտանգ է արձակուրդն անցկացնել ձեր երկրում»,- նշել է նա:

Նշենք, որ ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի 8946 դեպք է հաստատվել: Մահացել է 92 պացիենտ: Ռուսաստանում, COVID-19 համավարակի տարածումից ի վեր, ընդհանուր առմամաբ հաստատվել է վարակման 353 հազար 427 դեպք, որից ավելի քան 118 հազարն ապաքինվել է, 3633-ը՝ մահացել: