Բագրատաշենի անցակետում լարված իրավիճակ է. 130 քաղաքացի մնացել է անցակետում

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 25, 24 News 

Բագրատաշեն
SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել ազգությամբ հայ, սակայն Ռուսաստանի Դաշնության մի խումբ քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ տեւական ժամանակ է, գտնվում են Հայաստանում, եւ չեն կարողանում մեկնել Ռուսաստան: Քաղաքացիները փորձել են իրենց մեքենաներով ուղեւորվել, սակայն Բագրատաշենի անցակետի աշխատակիցները չեն թույլատրում նրանց մեկնել իրենց երկիր:

Աղբյուրին քաղաքացին պատմել է. «Մենք դիմել ենք թե՛ դեսպանատուն, թե՛ միացյա ազգերի կազմակերպություն, ոչ մի տեղից ոչ մի քայլ չեն անում, չեն թույլատրում, որ դուրս գանք: Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ մարդիկ եկել ու մնացել են Հայաստանում, չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստան: Այստեղ՝ Բագրատաշենի անցակետում, ներկա դրությամբ մոտ 40 մեքենա կա, մոտ 130 հոգի մարդկանցով: Մնալու ենք այնքան, մինչեւ որ մեր հարցին լուծում տան: 7-8 մեքենա կա կանգնած, որտեղ երեխաներ կան, եւ մնալու տեղ չունեն, ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ մեր խնդրին են լուծում տալիս: Մենք 2 շաբաթ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասեցինք, որ համապատասխան ծրագիրը նորմալ չի գործում, չենք կարողանում գրանցվել, գրանցվածներին էլ հաղորդագրություն չի գալիս: Մեր՝ Ռուաստան գնալը ոչ ինքնաթիռով են կազմակերպում, ոչ ավտոբուսներով»: Զանգահարած քաղաքացու խոսքով՝ իրենք Բագրատաշենի անցակետի աշխատակիցներից փաստաթուղթ են պահանջել, թե ինչ հիմքով չեն թույլատրում քաղաքացիներին վերադառնալ իրենց երկիր, որտեղից սակայն որեւէ թուղթ չեն ներկայացրել. «Մենք թուղթ ենք ուզում, որտեղ գրված է, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետը մեզ արգելել են դուրս գալ:

Բայց ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը խոչընդոտ չի հանդիսանա, որ այլ երկրի քաղաքացիները Հայաստանից դուրս գան»: Անցակետում հավաքված քաղաքացիների հետ հանդիպել են Բագրատաշենի անցակետի աշխատակիցներն ու հայտնել, որ կա համապատասխան որոշում, որով արգելված է իրենց դուրս գալը: Աշխատակիցները քաղաքացիներին հորդորել են դիմել դեսպանատուն, դեսպանատնից էլ խորհուրդ են տվել համբերել, մինչեւ իրենք կկազմակերպեն իրենց դուրս գալը: