Թուրքիան խորացնում է անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև. Չեխիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Այս մասին նշել է  Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ Չեխիայի Խորհրդարանի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձևի վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ մեկնաբանության մեջ։ 

Ներկայացնում ենք դեսպանության հրապարակած մեկնաբանությունը. 

«Սա Թուրքիայի պաշտոնական առաջին և վերջին արձագանքը չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքիան դիմում է արդարության ժխտման հերթական քայլին՝ դրանով խորացնելով անջրպետը իր ու համամարդկային արժեքների միջև։ Ժխտողականությունն ապագա չունի՝ ինչպիսի փաթեթավորում էլ որ այն ունենա: Որքան Թուրքիայի իշխանությունները ջանք են թափում ժխտելու ճշմարտությունը, այնքան ճշմարտությունը հարթում է իր ճանապարհը և դառնում հասարակական գիտելիք:

Պրահայի ամենահայտնի Կարլի կամուջի վրա է  տեղակայված  1714թ․-ին քանդակագործ Ֆերդինանդ Մաքսիմիլիան Բրոքովի կերտած արձանը՝ նվիրված սրբացված ասպետներին, որոնք միջնադարում փրկում էին օսմանցիների ձեռքն ընկած քրիստոնյա գերիներին։ Ասպետների քանդակներից ներքև զետեղված է նաև յաթաղանով զինված թուրքի հայտնի քանդակը, որը հսկում է բանտում չարչարվող քրիստոնյաներին։ Այդ քանդակը բազմաթիվ պրահյան զրույցների և պատումների թեմա է դարձել․ ասենք, որ զբոսաշրջիկները պետք է զգուշանան գիշերով այդ քանդակի կողքով անցնելիս, կամ երեխաներին ծնողները վախեցնում էին, որ եթե չքնեն, թուրքը կգա, իրենց կտանի։

Ցավում եմ, որ 300 տարվա ընթացքում շատ բան չի փոխվել, և մինչև այսօր Թուրքիան սպառնալիքների լեզվով է խոսում»։