Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել. այդ բառերն օգտագործողներն են ծախվողներ. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Արայիկ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել էր կադրային առաջին նշանակումների և կառուցվածքային որոշ փոփոխությունների մասին։

«Մեր քաղաքական ամենամեծ ձեռքբերումը «Միասնական Հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ համաձայնությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել ենք: Բավական լուրջ հաջողություններ ենք արձանագրել հետագա համագործակցության առումով Մասիս Մայիլյանի հետ»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը խոսել է նաև քննադատությունների մասին և կոչ արել պետականաշինության գործում դեր ունեցածներին չվիրավորել:

«Ես ուզում եմ կոչ անել մեր մնացած քաղաքական գործիչներին՝ մի՛ վիրավորեք մեր պետականաշինության գործում դեր ունեցած մեր հայրենիքի զավակներին: Մի՛ փորձեք ազգի ապագայի հանդեպ ստանձնապ պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել: Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել: Այդ բառերն օգտագործողներն են ծախվողները:

Հանուն ազգի է ամեն ինչ կատարվում: Պաշտոն չենք տալիս ոչ մեկին և պաշտոն չենք տալու ոչ մեկին, այլ առաջարկում ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի նկատմամբ: Ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և այս առումով պաշտոնով չենք  մեր առաքելությունն իրականացնելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև կարծում է, որ քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք ստացել են հանրության վստահության քվեն, իրենց մասնաբաժնով մասնակցելու են կառավարմանը:

«Մի՛ մտահոգվեք, ոչ մեկին չեն առել, ոչ մեկը չի ծախվել: Այն մարդիկ, որոնք ապրում են Արցախում, վաղուց ապացուցել են, որ ոչ առնում են, ոչ ծախում են:

Քաղաքական գործընթացի արդյունքում ձեւավորվել է քաղաքական նոր դաշտ, որտեղ խաղացողների հիմնական նպատակը մեր ապագան է»,-ասել է Հարությունյանը, ապա հավելել, որ փորձ է արվում միասնության, համերաշխության, ընդհանուր օրակարգի շուրջ համագործակցություն իրականացնել:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր: Այդ թվում այդ ոչ վայել հայտարարություններ անողների առումով»,-ասել է Արցախի նախագահը: