Պարտավոր ենք իմանալ՝ ովքեր են կանգնած սրբապղծության հետևում. Տոնոյանը՝ օրգազմի գրքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

իվետ ա

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը զրուցել է համացանցում աղմուկ հանած տեսանյութի հեղինակ Դավիթ Աթանեսյանի հետ, որը հայտնել էր, որ Երևանի Կոմիտաս վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին, այդ թվում՝ իր 9-ամյա որդուն:

«Դավիթը տեղեկացրեց, որ ինչ որ անծանոթ կին բակում խաղացող բոլոր երեխաներին բաժանել է այս գրքույկը: Արդեն իսկ հարցում եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` թեմայի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Սա արդեն դուրս է խելամտության ու բարոյականության բոլոր սահմաններից: Մենք պարտավոր ենք իմանալ, թե ովքեր են կանգնած այս սրբապղծության հետևում և պարտավոր ենք հետամուտ լինել, որպեսզի սա անողները ստանան օրենքով սահմանված կարգով ամենախիստ պատիժը:

Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում: Կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը», - Facebook-ի իր էջում գրել է Տոնոյանը։

Ավելի վաղ թեմայի մասին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ համացանցում նկատել է մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ և կոչ արել պարզել՝ ո՞վ է փողոցում երեխաներին բաժանել օրգազմի մասին գիրքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ Կոմիտասում՝ Վրացական փողոցում, իր 9-ամյա որդուն և ուրիշ երեխաների «Օրգազմը ձեզ համար կամ դուք օրգազմի համար» վերնագրով գիրք են տվել: