«Օրենքով գող» «Արսեն Երևանսկին», քրեական հեղինակություն «Բասարը», ևս 4 անձ կալանավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

հասարակական

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով օրեր առաջ ձերբակալված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանը և «Բասար» մականունով հայտնի Արմեն Մելքոնյանը կալանավորվել են:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրանցից բացի, կալանավորվել է ևս 4 անձ:

Օրեր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որից պարզ էր դառնում, որ դեռևս մարտի 13-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել, որի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու, «օրենքով գողին» դիմելու հանցավոր սխեմաներ: Ըստ այդմ՝ մի խումբ անձինք դիմել են «օրենքով գողին»՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Նշենք, որ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը ՌԴ քաղաքացի է. նա 2017 թվականին ձերբակալվել, ապա Կալուգայի շրջանի Բորովի քաղաքային դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչել մեծ քանակությամբ թմրանյութ պահելու համար և դատապարտվել երեք ու կես տարվա ազատազրկման։ 2018 թվականին, սակայն, Երևանսկին ազատ էր արձակվել առողջական խնդիրների պատճառով: Արսեն երևանսկին Երևանում հայտնի «օրենքով գող» Կնդո մականունով հայտնի Մայիս Մկրտչյանի զարմիկն է:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով: