Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

վրաստան.

Մայիսի 26-ին Վրաստանը տոնում է առաջին Հանրապետության հռչակման 102-ամյակը: Ելնելով համավարակային իրավիճակից՝ այս տարի ավանդական մեծամասշտաբ միջոցառումներ չեն իրականացվում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել է, որ տոնը նշելու է Վրաստանի Զինված ուժերի հետ` Վազիանիի 4-րդ բրիգադի բազայում: Մարդաշատ միջոցառումներից խուսափելու նպատակով պետական հաստատությունները անկախության օրը կնշեն փոքր միջոցառումներով: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Վրաստանին շնորհավորել են ամերիկացի կոնգրեսմենները, մասնավորապես՝ վերջերս գործող իշխանությունների քայլերը քննադատող, Վրաստանի բարեկամ Ադամ Կիզինգերը գրել է․ «Գամարջոբա Վրաստան. շնորհավորում եմ անկախության տոնի կապակցությամբ: Շատ կարևոր եք ԱՄՆ-ի համար, շարունակեք անել այն, ինչ անում եք»։

Անկախության տոնի կապակցությամբ Google որոնողական համակարգի լոգոտիպը փոխարինվել է Վրաստանի դրոշով, որը սեղմելու դեպքում բացվում է օրվա վերաբերյալ տեղեկատվություն: