Թուրքիան Հունաստանին մեղադրում է «դաշնագրով սահմանված ցամաքային սահմանը խախտելու մեջ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

.

Թուրքիայի և Հունաստանի սահմանային Մարիցա (թուրք․՝ Մերիչ) գետի հատվածում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները երկու երկրների միջև նոր լարվածության պատճառ են դարձել։ 

Թուրքիան Հունաստանին մեղադրում է սահմանի Ֆերրե Քուփյուրյու հատվածում մետաղալարե ցանկապատի կառուցման աշխատանքների ժամանակ «դաշնագրով սահմանված ցամաքային սահմանը խախտելու մեջ»։ 

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ ոչ մի կերպ թույլ չեն տալու «ինչ-որ անդառնալի իրավիճակ ստեղծել» թուրք-հունական սահմանին։ 

BBC-ի թուրքական ծառայությունը հաղորդում է, որ վերջին շրջանում հունական, գերմանական և բրիտական մամուլում լուրեր են շրջանառվում, թե Ֆերրե Քուփյուրյու հատվածում Թուրքիան զորք է դուրս բերել և գրավել այն։ 

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հերքել է այս լուրերն ու պնդումները և հավելել, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։