Ռուսաստանում տարակուսած են Չավուշօղլուի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

 թուրքիա

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենց դիտարկումներով Գերմանիայից, Ռուսաստանից ու Եվրոպայից Թուրքիա հանգստի մեկնել ցանկացողներ կան։

Չավուշօղլուն ավելացրել էր, որ իրենք չարտերային թռիչքների միջոցով կարող են այդ զբոսաշրջիկներին տեղափոխել Թուրքիա, անվտանգ կերպով կազմակերպել նրանց հանգիստը, ապա տեղափոխել իրենց երկրներ և ընդհուպ մինչև բնակության վայրեր։ 

Այս հայտարարությունը տարակուսանք է առաջացրել Ռուսաստանում։  

Ռուսաստանի տուրիստական ինդուստրիայի միության խոսնակը Իրինա Տյուրինան «Риа Новости»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը, ասել է․ «Անհասկանալի է, թե ինչու պետք է Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար չարտերային թռիչքներ կազմակերպի այն դեպքում, երբ Ռուսաստանում հարյուրավոր ինքնաթիռներ սպասում են որևէ տեղից ուղևորափոխադրումներ անելու իրենց հնարավորությանը։ Հաշվի առնելով մեր երկրի համաճարակային վիճակը՝ պետք է սպասենք սահմանների բացվելուն»։

Շարունակելով թեման՝ Տյուրինան ասել է, որ դրանից բացի կան նաև մեկ այլ հանգամանք․ այս պայմաններում բացի մի քանի բացառություններից օտար ավիափոխադրողները չեն կարող ռուս տուրիստների համար չարտերային չվերթներ կազմակերպել։ Այսինքն ներկա իրավիճակում թուրքական ավիաընկերությունը չի կարող Ռուսաստանից չարտեր իրականացնել, կարող է միայն Թուրքիայից Ռուսատան ուղևոր բերել։ 

Նրա խոսքով` Ռուսաստանից չարտերային չվերթ թուրքական ընկերությունը կարող է իրականացնել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը կբացի սահմանները ու կվերսկսի միջազգային չվերթները։