Եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Կառավարության՝ մայիսի 27-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ չգիտեն, որ վարակակիր են:

«Հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է. ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի, էսօր էս դահլիճում կարող են լինել մարդիկ, որոնք վարակակիր են, ու իրենք էլ չգիտեն դրա մասին։

Երբ խոսք է դիմակների մասին, ասում են՝ «բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ»: Այո՛, երբ երկրում կա հարյուր հիվանդ, էդպես է, բայց երբ երկրում կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդիկ, ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը», - ասաց վարչապետը, ապա հավելեց, որ եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։

«Դրանց 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին», - հավելեց Նիկոլ Փաշինյանը, ապա զգուշացրեց, որ եթե առանց դիմակի մարդ կա, պետք է տուգանվի։

«Եթե կանոնները չպահպանվեն, դիմակի կրումը բոլոր տեղերում կդարձնենք պարտադիր ու դեռ հարցի մեջ կդրվի՝ տանը դիմակները պարտադիր կդարձնե՞նք, թե՞ չէ: Սա մի քիչ, բնականաբար, չափազանցնում եմ», - ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ կառավարությունն իր հիմնական գործիքը համարում է քաղաքացու անձնական պատասխանատվությունը։