ՄԻԵԴ-ը մայիսի 29-ին կհրապարակի Քոչարյանի գործով ՍԴ դիմումի մասին խորհրդատվական կարծիքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

քոչարյանմիեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո(պատիժ չկա առանց օրենքի)՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ հաղորդագրությունից։

Նշվում է Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թ. Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով (Սահմանադրական կարգի տապալում) այն հանցանքների համար, որոնք, ենթադրաբար, կատարվել են 2008թ-ի փետրվար և մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, երբ բողոքի ցույցեր բռնկվեցին վիճելի նախագահական ընտրությունների պատճառով։

Այդ ժամանակ նախկին քրեական օրենսգրքի մեկ այլ դրույթ՝ 300-րդ հոդվածն էր (իշխանության յուրացում) ուժի մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ: