Դանիան բացել է սահմանները կորոնավիրուսի պատճառով «բաժանված» սիրահար զույգերի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

դանիա. սահմաններ

Դանիայի իշխանությունները թուլացրել են սկանդինավյան այլ երկրների և Գերմանիայի հետ սահմաններին կորոնավիրուսով պայմանավորված վերահսկողությունը, որպեսզի սիրահարները, որոնք տարբեր կողմերում են ապրում և «բաժանված են» կորոնավիրուսի համավարակի պատճառով, կրկին հանդիպեն:

Նրանք պետք է նախ ապացուցեն, որ առնվազն կես տարի հարաբերությունների մեջ են: Դրա համար բավարար կլինի ներկայացնել համատեղ լուսանկարներ կամ նամակագրություն: Այդ մասին փոխանցում է rg.ru-ն:

Սա վրդովմունք է առաջացրել մի շարք պատգամավորների շրջանում։ Նրանք կարծում են, որ ներկայացված պահանջով ներխուժում են մարդկանց անձնական կյանք. «Ես երբեք չեմ լսել մի երկրի մասին, որտեղ մուտքը պահանջի ինտիմ տեքստերի կամ զույգի լուսանկարների ներկայացում։ Մենք թույլատրել ենք սիրահարների մուտքը երկիր, բայց մենք չենք չեղարկել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը», - հայտարարել է սոցիալ-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Հեգաարդը:

Սակայն մի քանի օրից ամեն ինչ կարող է փոխվել։

Դանիայի արդարադատության նախարար Նիկ Հեքքերուպի փոխանցմամբ՝ ապագայում սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ կլինի պարզապես գրավոր դիմում ներկայացնել. «Երկրի իշխանությունները պատրաստ են հավատալ խոսքերին»։

Հիշեցնենք, որ Դանիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար մարտի 14-ից փակել են երկրի սահմանները ոչ իր քաղաքացիների համար: Այդ ժամանակից ի վեր, երկիր կարելի է մուտք գործել միայն բացառիկ դեպքերում: