Սպասում ենք, որ «Իմ քայլը» չեղարկի հանրաքվեն ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկման Իմ քայլի նախաձեռնությանը: Այս առիթով Չալաբյանը գրել է. 

«Տառացիորեն երկու շաբաթ առաջ ես գրել էի նրա մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած ՍԴ կազմացրման հանրաքվեն պետք է չեղարկել, և վերադառնալ Սահմանադրության համակարգված փոփոխությունների քննարկմանը, փորձելով երկրում առկա ընդհանուր կառավարման ճգնաժամը լուծել լայն հանրային քննարկումների և փոխզիջումների ճանապարհով։

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ՍԴ դեմ պայքարի իր ճարտասան առաջամարտիկի ձեռքերով, Ազգային ժողովի քննարկման էր բերել «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը նախատեսում է հանրաքվեի չեղարկման հնարավորություն՝ ԱԺ երկու երրորդ մեծամասնության կողմից։ Թեև տեսականորեն չեղարկման հնարավորությունը խելամիտ մեխանիզմ է, և պետք է գոյություն ունենա որոշակի պայմաններում, քննարկման ժամանակ հնչեցին մի քանի խիստ զավեշտական մտքեր և հիմնավորումներ, որոնց պարզապես չեմ կարող շրջանցել։

Օրինակ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ իրենց հիմնական մտահոգությունը հանրային առողջությունն է։ Այսօր, երբ «Իմքայլական» կառավարության համատարած ձախողումների պատճառով Հայաստանը դարձել է համավարակի տարածման տեմպերով աշխարհում բացասական ռեկորդակիրներից մեկը, այս հայտարարությունը առնվազն ծաղրալի է հնչում, մանավանդ, եթե հիշենք, թե "Իմ քայլը" ինչպես էր շարունակում հանրաքվեի քարոզարշավը՝ ի հեճուկս խելամիտ մարդկանց բազմաթիվ հորդորների։

Մեկ այլ կարկառուն «Իմքայլական» հայտարարեց, որ իրենց խնդիրը ՍԴ ճգնաժամը հաղթահարելն է, և իրենք ամեն դեպքում ձև կգտնեն այն հաղթահարելու, հանրաքվեով թե առանց հանրաքվե, թեև համավարակի Հայաստան ներթափանցումից հետո անցած երեք ամիսների ընթացքում պարզ է դարձել, որ ճգնաժամի հիմնական աղբուրը մեր երկրում Իմ Քայլի անսահմանափակ իշխանությունն է, ոչ թե ՍԴ-ն, և նրա հաղթահարման համար նոր ԱԺ ընտրություններ են պետք համավարակի հաղթահարումից հետո։

Եվ վերջապես, Իմ Քայլի ամենակարկառուն գործիչներից մեկը հայտարարեց, որ իրենք օրը մի հատ հանրաքվե կարող են անցկացնել, ու հաղթելու ընդհանրապես որևէ խնդիր չունեն։ Ինձ այդ բարձրագոչ հայտարարությունը հիշեցրեց հայտնի դասականի «ինչքան տոկոս կուզենք կխփենք» պատմական արտահայտությունը, որի հետևանքները բոլորիս են հայտնի։

Ես հատուկ անուններ չեմ նշում, քանի որ Իմ քայլի պատգամավորների միջև վաղուց արդեն մեծ տարբերություններ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ այս մարդիկ պարզապես նման են են իրականությունից կտրված, սեփական անփոխարինելիության առասպելին հավատացած, արագ խորտակվող նավի թիերին շղթաներով կապված նավաստիների, որոնց նավավարը տեսնում է արագ մոտեցող խութերը, բայց արդեն որևէ բան ձեռնարկելու ընդունակ չի։ Իրականությունը այն է, որ հանրաքվեն տապալված է, և եթե այն անցկացվի, մեր քաղաքացիները լավագույն դեպքում անտարբերությամբ իրենց դիրքորոշումը կհայտնեն այս մեծախոսներին, իսկ վատթարագույն դեպքում՝ կգնան և «ՈՉ» ասելով, ցույց կտան, որ արդեն հոգնել են այս կրկեսից։ Իսկ մենք, ինչպես մերժում էինք այս հանրաքվեն, այնպես էլ մերժում ենք հիմա, ու սպասում ենք նրան, որ ինչպես «Իմ քայլը» այն նախաձեռնեց, այնպես էլ հիմա այն չեղարկի, ու հանգիստ թողի ՍԴ-ն ու մեր քաղաքացիներին»։

Տեսանյութեր

Live

Լրահոս