Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է փեսային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

հասարակական

Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմանում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է՝ վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է:

Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ ավտոմեքենայի առևանգումը կանխելու ժամանակ, երբ ինքը փորձել է կանխել առևանգումը, դանակի հարվածներ է ստացել:

Պարզվել է, որ վիրավոր Իսրայել Ա.-ի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նա փորձել է իրավապահներին մոլորեցնել: Մասիսի ոստիկանները Երևան քաղաքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին, որն Իսրայել Ա.-ին դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստերի ճնշման տակ պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում վիճաբանութուն է տեղի ունեցել Սարգիս Գ.-ի և Իսրայել Ա.-ի միջև, որի ժամանակ էլ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին, և պատճառը եղել է այն, որ Իսրայել Ա.-ն նշանված է եղել Սարգիս Գ.-ի քրոջ հետ և նշանը հետ է տվել, ինչի համար էլ հանդիպել են միմյանց հետ, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս