Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News 

կորոնավիրուս

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին 24News-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: 

Նշենք,  որ օրեր առաջ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ 37,6 ջերմություն է նկատվել, և նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն։ 

«Դայակի թեստի պատասխանը երեկ է հայտնի դարձել, պատասխանը դրական է։ Նա իրեն լավ է զգում այս պահին։ Մանկատան կորոնավիրուսով վարակաված երեխաները և աշխատակիցները ևս սիմպտոմներ չունեն», - նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանկատանը 46 կորոնավիրուսի թեստ էր իրականացվել, որից 15-ի պատասխանը դրական էր եղել։ Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, արդեն 6-ը՝ աշխատակիցներ:

Սոնա Գրիգորյան