Նորագավիթում այրվել է այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը. կասկած կա, որ հրկիզել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հրդեհ.

Մայիսի 28-ին՝ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող «Պապա-Ֆուդ» սննդի կետում։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հրդեհի վայր են ժամանել ԱԻ ՓԾ թիվ 6, թիվ 2, թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են սննդի կետում առաջացած հրդեհը։

Պարզվել է, որ այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) փայտե երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան, 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում՝ (մոտ 10 քմ տարածք) 1 պատուհան, 1 օդորակիչ, և փայտե երեսպատումը՝ մոտ 1 քմ, հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տաինքի փայտե կառուցատարերը մասամբ՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ, դրսում 4 սառնարան՝ ամբողջությամբ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունն ունի վարկած, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզել են։

Դեպքի փաստով ոստիկանությա Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Աղբյուրը նաև գրում է, որ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը, որտեղ աշխատելու էին 4 հոգի, հետագայում նույնպես ավելանալու էր աշխատատեղերի թիվը, իսկ այն վարձակալական հիմունքներով էին աշխատեցնելու, և մարդիկ վարկ էին վերցրել՝ փոքրիկ բիզնես էին փորձում դնեին, սակայն միտումնավոր հրկիզել են այն։